Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։
Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։
«Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», – ասել է Փաշինյանը։
Նա ասել է, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի ու արձանագրվի։
Նշելով, որ առաջիկայում երկաթուղիների վերականգնման համար մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող է առաջանալ, կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։
Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: