AM
27 June 2002 - 14:30 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ կողմի հետ հարաբերություններով` այդ մասին Ստամբուլում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով Թուրքիայի Տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնում: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Վարդան Օսկանյանը կոչ է արել Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախնական պայմանների: Դա չի նշանակում, նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, որ Հայաստանը պատրաստ է ետ կանգնել ազգային հիշողությունից կամ անտեսել պատմական անարդարությունը, որոնց հետեւանքով տառապել է: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարեւան պետությունների տեսակետից` Վարդան Օսկանյանը նշել է, որ «մեր երկրների եւ ժողովրդների ճակատիգիրը ու կյանքը շաղկապված են եղել:..Հաշվի առնելով այն, որ պատմությունն ու աշխարհագրությունը մեզ մեկ տեղ են բերել, մենք հարեւաններ ենք»: Անդրադառնալով տարածաշրջանային եւ պատմական արմատներ ունեցող հակամարտություններին, Օսկանյանը նշել է, որ նրանք չեն կարող «պարզապես լուծվել կամ կոսմետիկորեն վերաձեւակերպվել նրանց կողմից, ովքեր հավատացած են, որ անցյալն կարեւոր չէ: Պատմությունը այնպիսի հիմք է հարեւանների համար, ինչպիսին աշխարհագրությունն է»: «Մենք բավարաությամբ նկատում ենք, որ տեղաշարժ կա ցեղասպանության հանդեպ չտարբերրակաված կարծր դիրքորոշումից դեպի ավելի բազմակարծիք եւ տարբերակված բանավեճ: Ի վերջո հիշողությունները չեն ամոքվում հերքումով», – նշել է Օսկանյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: