«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով հայտարարագրման նոր համակարգի նախագծին, հայտարարել է, որ խոպանչիների վրա դա չի ազդելու, «որևէ մեկը նրանց չի հարկելու»։
«Եթե մարդն ապրում է Հայաստանում և իր բարեկամը, որդին, եղբայրը դրսում աշխատում է և իրեն գումար է ուղարկում, այդ գումարը հարկման ենթակա չէ, որովհետև դա նվիրատվություն է»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Նա հավելել է, որ եթե քաղաքացին աշխատում է դրսում և, ՀՀ ռեզիդենտ հանդիսանալով, այնտեղ եկամուտ է վաստակում, այսօրվա գործող օրենսդրությամբ հարկման ենթակա է։
«Բայց մենք մեղմացրել ենք և նշել ենք, որ ամսական մինչև 1 միլիոն դրամ դրսում գեներացվող եկամուտների դեպքում որևէ լրացուցիչ հարկային բեռ չի առաջանալու, այսինքն՝ դրսում մինչև 2,500 դոլար աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացին եթե հայտարարագրում է իր եկամուտները, ոչինչ չի վճարում»,- ասել է նա։
Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2025-ին:
Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները և այդ հայտարարագիրը նախնական էլեկտրոնային եղանակով նախապատրաստել հայտարարտուի ծանոթացման համար։ Նախագծով յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարտու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում։