Պետական եկամուտների կոմիտեում քննված քրվարույթներով 2022-ի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Արձանագրված «ցուցանիշներն աննախադեպ են», ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
2021-ի ընթացքում վերականգնվել է մոտ 5 մլրդ դրամ, 2020-ին՝ մոտ 2․5 մլրդ դրամ, 2019-ին՝ մոտ 5․8 մլրդ դրամ, 2018-ի ընթացքում՝ մոտ 8․5 մլրդ դրամ, իսկ 2017-ին վերականգնվել է մոտ 8․5 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս:
ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին՝ ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն:
Նշվում է, որ քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ, որոնց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար։