Oտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները Հայաստանում կընդլայնվեն։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի հեղինակ Գևորգ Պապոյանը։
Օտարերկրացիները կկարողանան աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլև մասնաճյուղում, ինչն ըստ գործող կարգի, չի թույլատրվում:
Տարօրինակ անվանելով օրենքի այդ նորմը՝ Պապոյանը նշել է, որ դա խտրական մոտեցում էր ի հայտ բերում։
«Վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին տեղափոխվել Հայաստան: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպությունները ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, չունեն աշխատանքի թույլտվություն»,-ասել է պատգամավորը:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասել է, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը՝ կարևորելով, որ օրենսդրական կարգավորումները համապատասխանեցվեն։
Նա հավելել է, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրումը մեկնարկել է 2022-ից։
Դեպի ՀՀ մեծ ներհոսք է գրանցվել 2022-ի փետրվարից՝ պայմանավորված Ուկրաինայում պատերազմով։ ՀՀ են տեղափոխվել, հիմնականում ՌԴ-ից, նաև որոշ ընկերություններ իրենց աշխատակիցներով։ /