AM
26 January 2023 - 06:30 AMT

«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից չի գործի

Երևանի «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներին տեղեկացրել են, որ փետրվարի 1-ից այն չի գործի։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ 2021-ի հուլիսին ստուգումներ էր իրականացրել տոնավաճառում, արձանագրել մոտ երկու տասնյակ խախտումներ, տնտեսվարողին տուգանել 30,000 դրամով։ Դրանք վերացնելու համար տոնավաճառի տնօրինությանը ժամանակ էր տրվել, գրում է Factor.am-ը։

«Տուգանել են, վճարել ենք և սկսել ենք վերացնել խախտումները»,- ասում է «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ բաժնետեր-տնօրեն Սամվել Ավետիսյանը։

2022-ի հոկտեմբերին տնտեսվարողը խախտումների մեծ մասը վերացնելու մասին գրություն է ուղարկել տեսչական մարմին և մյուս խախատումները վերացնելու համար ժամանակ խնդրել՝ առանց տոնավաճառի գործունեությունը դադարեցնելու։

«Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ կատարած աշխատանքների որակը չի համապատաասխանում նորմատիվներին»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը։

Ավետիսյանը, սակայն, պնդում է, որ իրենց տոնավաճառում այս պահին ընդամենը 3 խախտում կա, որոնք այնքան առանցքային չեն, որպեսզի հիմք հանդիսանան տոնավաճառը փակելու համար։

Պապիկյանը հակադարձել է՝ դրանք հենց այն խախտումներ են, որոնք բավարար հիմք են գործունեությունը կասեցնելու համար, և եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա հրդեհավտանգ իրավիճակներ արձանագրելու դեպքում անմիջապես հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք այն հիմնական նորմերն են, որոնք խիստ պարտադիր են առևտրի խոշոր կենտրոնների համար։

Տնօրենն ասել է, որ թվարկվածներից տոնավաճառում չկա միայն հակահրդեհային ինքնաշխատ համակարգը։

Ստացվում է, որ տոնավաճառի մոտ 600 աշխատակից փետրվարի 1-ից կորցնելու է աշխատանքը։ Առևտրականները դժգոհ են որոշումից, հարցնում են, թե, եթե փակվի տոնավաճառը, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ընտանիք պահելու։

2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Hրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ «Սուրմալուի» ողբերգությունից հետո դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։