Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում բացվել է տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիա, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։
Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը գործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։

Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ֆակուլտետի ուսանողները։
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Team Telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։
«Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է տեխնիկական հագեցվածությունը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի և Քոլեջի բոլոր ուսանողները»։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը, նշել է, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։
«Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»,-ասել է նա։
Լսարաններից բացի բացվելու է ևս 7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիանա Հակոբյանի խոսքով նորաբաց լսարաններում սովորելը մեծ հնարավորություն է բացում՝ մրցունակ կադր դառնալու և հետագայում ավելի շատ մասնագիտական հաջողություններ գրանցելու առումով։
Այս լաբորատորիաներում ուսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են Teacher ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետևել և անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերը օգտվում են առցանց ծառայություններից և նոր տեխնոլոգիաներից:






