էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով վառելիքի խնդրին, ասել է, որ եթե կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում դրա գինը կաճի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով:
«Բայց մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի, Ռուսաստանի և մյուս բոլոր երկրների գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի՝ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,– ասել է նախարարը, գրում է «Առավոտը»։
Անդրադառնալով լաստանավի շահագործման հարցին՝ նախարարն ասել է, որ լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետև ուժի մեջ են մտել նավթամթերքին առնչվող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հետևաբար, դժվար է պատկերացնել, թե երբ Հայաստանի լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա։
Նա հավելել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ և լաստանավային հաղորդակցության կարևորությունն աճել է։
Վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը պետք է տրվեր 2022-ի հունիսի 15-ին։ Հունիսի 23-ին Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։ Այնուհետև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին։