AM
21 April 2009 - 15:08 AMT

«ԱրմենՏել» -ը պարգեւատրեց 500 000-րդ տեսազանգը կատարած բաժանորդին

Ապրիլի 21-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) տոնեց 500 000-րդ տեսազանգի կատարումը Beeline բջջային ցանցում` 3G ցանցի (UMTS/HSPA տեխնոլոգիա) գործարկման սկզբից: Հոբելյանական տեսազանգ կատարած բաժանորդը Երեւանի 37-ամյա բնակիչ Արմեն Գրիգորյանն է: «Այս օրը նշանակալից է մեր ընկերության համար. մեր բջջային ցանցում կատարվել է 500 000-րդ տեսազանգը, եւ մենք ցանկանում ենք մեր ուրախությունը կիսել ձեզ` մեր բարեկամների հետ, եւ ձեր միջոցով նաեւ մեր սիրելի բաժանորդների հետ», – հայտարարեց «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին: Նրա խոսքով, երրորդ սերնդի (3G) բջջային ցանցը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2008 թ. հունիսի 18-ին «ԱրմենՏել» ընկերության կողմից: Ցանցը կոմերցիոն շահագործման է հանձնվել նույն թվականի սեպտեմբերին: Այս ընթացքում ցանցում կատարվել է ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ, այդ թվում` 500 000 տեսազանգ: «3G» եզրը միավորում է մի քանի շարժական կապի ստանդարտներ, որոնք ունեն որոշակի յուրահատկություններ: Դրանցից ամենահիմնականը տվյալների փոխանցման բարձր արագությունն է:

Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն իր հերթին նշեց, որ թեպետ 3G հնարավորությամբ հեռախոսներից օգտվողների թիվը այդքան էլ մեծ չէ, 3G տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում: «Այն պահից, երբ մենք գործարկեցինք Beeline 3G ցանցը, մեր կենտրոնը ստացել է բազմաթիվ զանգեր 3G-ի վերաբերյալ: Նոր ծառայություններով հատկապես շատ է հետաքրքրվում երիտասարդությունը», – ասաց նա: Ինչպես հաղորդեց Մովսիսյանը, բացի ֆիքսված Ինտերնետի գործածությունից, նկատվում է 3G ցանցի ներմուծումից հետո հեռախոսի օգնությամբ Ինտերնետ-ծառայություններից օգտվելու զգալի աճ:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: