AM
17 February 2023 - 14:01 AMT

«Հետք»․ ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհի հետ մեկտեղ նոր էլեկտրագիծ է կառուցվում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից հայտնել են, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ՀՀ-ի հատվածի հետ մեկտեղ նաև նոր էլեկտրագիծ է կառուցվում, տեղեկացնում է «Հետքը»։

Ճանապարհի ՀՀ-ի հատվածը, որն անցյալ տարվանից կառուցվում է, նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից:

Խոսքը 11․8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որը սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղից, անցնում Կոռնիձոր գյուղով և ավարտվում պետական սահմանի մոտ՝ Հագարի գետի ափին: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը, որի մոտ՝ գետի մյուս ափին, տեղակայված են ՌԴ խաղաղապահները:

2022-ի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, և աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Աշխատանքները նախատեսված էին 2022-2023 թթ.: Ըստ կողմերի միջև ստորագրված համաձայնագրերի՝ ասֆալտապատումը պիտի արվի այս տարի: Ասֆալտի տակ լինելու է 20 սմ-ոց խճավազային հիմք, դրա տակ՝ 10 սմ հաստությամբ ավազակոպիճ: Իր հերթին 16 սմ հաստությամբ ասֆալտը լինելու է եռաշերտ. երկու շերտը՝ խոշորահատիկ, վերին շերտը՝ մանրահատիկ:

Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ չնայած նոր ճանապարհի երթևեկելիությունը նախատեսված է ապրիլի 1-ից, շինարարական աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված ու ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

ՏԿԵ նախարար տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ ավարտին են մոտենում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը շրջանցող և Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ուղղությամբ անցնող նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Գծի երկարությունը մոտ 12 կմ է: Ինչ վերաբերում է նոր գազատարի կառուցմանը, ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ նման աշխատանքներ նախատեսված չեն, իսկ ինտերնետի նոր հաղորդալարերի մասին հարցին փոխնախարարը չի պատասխանել:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։