AM
21 February 2023 - 13:18 AMT

«Հետք»․ ՀՀ-Արցախ նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումն ԱՀ հատվածում դանդաղում է շրջափակման պատճառով

Հայաստան-Արցախ նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումն Արցախի հատվածում դանդաղում է շրջափակման պատճառով։ Արցախի ՏԿԵ նախարարությունից հայտնել են, որ հնարավոր են նախագծված պլանից որոշակի շեղումներ՝ կապված բարդ ռելիեֆային գոտու և շրջափակման հետ, տեղեկացնում է «Հետքը»։

Հայաստանի ՏԿԵ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, թե ավարտին են մոտենում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը շրջանցող և Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ուղղությամբ անցնող նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Այս աշխատանքներն ընթանում են նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ, որը նախատեսվում է ավարտել ապրիլի 1-ին։

«Շրջափակմամբ պայմանավորված՝ այդ աշխատանքների կազմակերպումը գրեթե դադարեցված է, քանի որ այն ենթադրում է ՀՀ և ԱՀ համապատասխան կառույցների փոխհամաձայնեցված աշխատանք»,- նշված է նախարար Սուրեն Գալստյանի ուղարկած գրության մեջ։

Բացի այդ, ըստ նախարարի, բարձրավոլտի և մյուս ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ Սյունիքի հատվածի հողային աշխատանքները, քանի որ ենթակառուցվածքներն անցնելու են ճանապարհին հարակից հատվածով։

«Հետքը» Արցախի Հանրապետության կառավարությանը հարց էր ուղղել նաև Հայաստան-Արցախ՝ Շուշին շրջանցող ճանապարհի կառուցման մասին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ Արցախի հատվածում Շուշին շրջանցող ճանապարհ չի կառուցվում, քանի որ ադրբեջանական կողմը դեռևս համաձայնություն չի տալիս։

«Բանակցություններն Ադրբեջանի հետ վարել է ռուսական կողմը։ Շուշին շրջանցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է լինելու կատարել որոշ դիրքային փոփոխություններ, որն անհնար կլինի անել առանց ադրբեջանական կողմի համաձայնության»,- հայտնել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը։

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը վթարվել էր հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Արցախի ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ այս հարցով բանակցություններ է վարել ռուսական կողմը, սակայն առայսօր չկա որևէ դրական լուծում։