Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Ամուլսարի հանքը կգործարկվի և որ Հայաստանը 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:
Նախարարի խոսքով` պետք է տնտեսական կառուցվածքն այնպես փոխել, որպեսզի հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, սակայն այդ ոլորտի նվազեցումն ինքնանպատակ չէ։
Քերոբյանի պնդմամբ` այդ ամենը տեղի է ունեցել 2-րդ խոշոր հանքի (Թեղուտի հանքավայր) չշահագործվելու պատճառով։ Նախարարը վստահեցրել է, որ կփորձեն լուծումներ գտնել, որպեսզի այդ հանքը կրկին շահագործվի, գրում է Sputnik Արմենիան։
«Հենց այսօր մենք կստորագրենք այլ խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 17։00-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանքի շահագործումը, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասել է նա:
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: