Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի մի մասը։ Տեղեկությունը հաստատել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Հակոբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն անհատույց կստանա ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոսը։
Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ փետրվարի 22-ին 250 մլն դոլարի համաձայնագիր կստորագրվի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի:
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: