AM
26 June 2002 - 13:29 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Թուրքիան հզոր ուժ է տարածաշրջանում եւ կարող է բավականին կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Ստամբուլում իր թուրք գործընկեր Իսմաիլ Ջեմի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Օսկանյանը նշել է, որ անցյալ տարվա ընթացքում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ զգալի փոփոխություններ է կրել: Այժմ Թուրքիան այլեւս չի ցանկանում միջնորդի դիրք գրավել, այլ մտադիր է հանդես գալ մի պետության դերում, որը ի վիճակի է քննարկել տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծման հիմնահարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարի կարծիքով, այդ առումով առանցքային նշանակություն է ստանում Թուրքիայի ձգտումը դրական դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում, եւ նա պետք է առավել հավասարակշռված մոտեցում ցուցաբերի այդ հարցի նկատմամբ: Գարնանը Րեյկյավիկում կայացած հանդիպումը, եւ նման այլ հանդիպումներ վկայում են, որ Թուրքիան պատրաստ է դրան: Շարունակելով այդ թեման` ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ խոսքը գնում է կարգավորման փաթեթային տարբերակի մասին: Անցյալ տարի կողմերը մոտ էին կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, սակայն Ադրբեջանը սկսկեց նոր պայմաններ առաջարկել եւ գործընթացը սառեցվեց: Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները հիանալի նախապայմաններ են ստեղծում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար, նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: