AM
2 March 2023 - 08:57 AMT

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման համար 1․1 մլրդ դրամ կհատկացվի

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների համար կհատկացվի 1․1 մլրդ դրամ։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Ըստ դրա, «Աջափնյակ» կայարանը պետք է ապահովված լինի բոլոր ատրիբուտներով, երկկողմանի կանոնավոր երթևեկությամբ, թունելները պետք է ապահովված լինեն արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման հնարավորություններով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կայարանի կառուցումը թույլ կտա բեռնաթափել Կիևյան և Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից, ինչպես նաև կբարելավի Աջափնյակի կապը քաղաքի կենտրոնի հետ։

Նիստին ներկա Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մետրոյի կամրջի շինարարությունը 2 տարբերակով է դիտարկվում` երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով, և մետաղական հավաքված կամրջի տարբերակով, բայց դեռևս վերջնական որոշում չկա։

Նա նշել է նաև, որ ամեն դեպքում կամուրջը կլինի դիտարժան ու գեղեցիկ։

Ավինյանը նաև ասել է, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս:

Նա նշել է նաև, որ 80-ականների նախագծի համեմատ որոշ փոփոխություններ են արվել՝ կայարանը կլինի ոչ թե Աբելյան փողոցի անկյունում, այլ «Թումոյի» մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում:

Մետրոյի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: