AM
2 March 2023 - 11:43 AMT

Քննարկվում է «Փեթակի» տարածքում մետրոյի կայարան կառուցելու հարցը

Քննարկվում է Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում մետրոյի կայարան կառուցելու հարցը։ Այդ մասին գործադիրի նիստում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար ֆինանսավորման հատկացման հաստատման ժամանակ։

Ավինյանն ասել է նաև, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի զարգացման ծրագիր, որով ամեն տարի նոր կայարան կբացվի։

«Աջափնյակ» կայարանի կառուցումից հետո, pոտենցիալ երկու ուղղություններ կան, մեկը դեպի Դավթաշենի ուղղությունն է, մեկը դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը», – ասել է փոխքաղաքապետը։

Ավինյանը նշել է, որ տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները, և միայն Աջափնյակի կայարանի կառուցմամբ, ըստ կանխատեսումների, մետրոյում ուղևորափոխադրումների քանակը 22 տոկոսով աճելու է և էականորեն թեթևանալու է փողոցների ծանրաբեռնվածությունը:

Կառավարության որոշմամբ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների համար կհատկացվի 1․1 մլրդ դրամ։ Նշվել է, որ կայարանի կառուցումը թույլ կտա բեռնաթափել Կիևյան և Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից, ինչպես նաև կբարելավի Աջափնյակի կապը քաղաքի կենտրոնի հետ։ Մետրոյի կամրջի շինարարությունը 2 տարբերակով է դիտարկվում` երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով, և մետաղական հավաքված կամրջի տարբերակով, բայց դեռևս վերջնական որոշում չկա։