AM
25 June 2002 - 15:06 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՍՈՒՀԵՏ ԵՎՍ ՕԳՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

ԱՄՆ պետական կառույցները մտադիր են այսուհետ եվս ցուցաբերել անհրաժեշտ օգնություն Լեռնային Ղարաբաղին: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ավարտին: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած օգնությունը ոչ միայն մարդասիրական նշանակություն ունի, այլեւ` քաղաքական: Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերից մինչեւ տարվա վերջ, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերն իրականացնող կազմակերպությունները նախատեսում են փուլ առ փուլ ցուցաբերել 4 մլն դոլարի չափով օգնություն: Այդպես Ադրբեջանին փաստորեն հասկացնում են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նա ոչ միայն չի ստանա ԱՄՆ աջակցությունը, այլեւ խիստ քննադատության կարժանանա, ընդգծել է Մելքումյանը: «Ադրբեջանը չի կարող հույսեր տածել, որ ռազմական գործողությունները կհամընկնեն ինչ որ երկրի շահերին»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Նախարարը հայտնել է, որ ԼՂՀ-ն հանձնել է ԱՄՆ Կոնգրեսին համապատասխան փաստեր` այս տարվա վերջում Ազատության ակտին աջակցող 907-րդ ուղղման վերացման հարցը վերանայելու համար:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: