2023–ի առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել են 15.2 տոկոսով կամ մոտ 60.8 մլրդ դրամով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին 3 ամսվա տնտեսական ցուցանիշները։
«2023թ–ի բյուջեի եկամտային մասը շատերը համարում էին ռիսկային, շատերը համարում էին ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023թ–ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով։ Առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022թ–ի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15.2 տոկոսով կամ շուրջ 60.8 մլրդ դրամով»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Վարչապետը հայտնել է նաև, որ այդ գումարներից հարկատուներին է վերադարձվել 93.5 մլրդ դրամ, ինչը 2022–ի նույն ցուցանիշից 82 տոկոսով կամ 42.2 մլրդ դրամով ավելի է։
Նշված գումարից 13.4 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վերադարձված եկամտահարկի գումարն է, որը 2022-ի նույն ցուցանիշից 4.4 մլրդ–ով ավելի է։ Փաշինյանը հիշեցրել է, որ եկամտահարկի վերադարձը ՀՀ–ում իրականացվում է հիմնականում հիպոտեկային վարկի վճարման նպատակով։
«Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի մեծ ծավալներով բնակարաններ են ձեռք բերում նորակառույցներում, և մենք էլ նրանց աջակցում ենք»,– ասել է Փաշինյանը։