AM
6 April 2023 - 11:47 AMT

Վարչապետ․ Հարկերից խուսափելու մի նոր սխեմա է բացահայտվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսելով 2023-ի բյուջեի եկամուտների մասին, հայտարարել է, որ վերջերս հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել։

«Այստեղ խորքային շատ լուրջ խնդիրներ կան դեռևս, չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի՝ ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության աշխատանքների արդյունքում մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ տեղեկատվություն կտա»,-ասել է նա։

Նա նշել է, որ հարկերից խուսափելու դեպքում որևէ մեկը կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, քանի որ խոսքը երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու մասին է:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր օրինապաշտ հարկ վճարողներին, ինչի շնորհիվ կառավարությունը կարողանում է մասշտաբային ծրագրեր իրականացնել։

2023-ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով, 2023 թվականի առաջին եռամսյակի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են15.2 %-ով, կամ 60.8 մլրդ դրամով։