ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի վերագործարկմանը, ասել է, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ։
«Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների համատեքստում հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ այդ սահմանային կետը գործի»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա հավելել է, որ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար։
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։
Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թվականին։ Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկել, և հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։