AM
7 April 2023 - 08:27 AMT

ՀՀ ՏԿԵ պատվիրակությունը ծանոթացել է Կազբեկի թունելի շինարարությանը

Վրաստան եռօրյա այցի շրջանակում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այդ երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։

Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին և կիրառվող տեխնոլոգիաներին։

Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։

Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաև կամուրջներ։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան – Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության Վրաստան այցի շրջանակում Իջևանի և Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Սանոսյանը Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, քննարկել Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում գործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: