Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այդ մասին նա ասել է A Haber հեռուստաալիքի եթերում, հայտնում է «Ազատությունը»։
«Մոտ ապագայում (Հայաստանի դեսպանատան բացումը) կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։ Բայց ցամաքին անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կատարվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։