AM
27 April 2023 - 10:06 AMT

Փաշինայնը՝ $10 մլրդ պետպարտքի մասին․ Մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, որը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ 10 միլիարդ 86 միլիոն դոլար, ասել է, որ ՀՆԱ-ի համեմատ՝ դա շատ թեթև պարտք է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա հանրության համար հետաքրքիր ու զգայուն թեմա է։

«Մարդիկ ասում են՝ «վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք»։ Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր, այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցող երկրների։ Հայաստանն իր տնտեսական աճի շնոհիվ գերադասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե անհրաժեշտության դեպքում պետական շատ կարևոր ծրագրերի համար կառավարությունը կարող է նոր գումարներ ներգրավել։

«Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք մենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար։ Շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար», – ասել է վարչապետը։

Ըստ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60,2 տոկոսի փոխարեն. նախորդ տարվա համեմատ նվազել է 13,6 տոկոսային կետով։