Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և նրա գլխավորած պատվիրակության հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը նշել է «Ռոսատոմի» դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:
Զրուցակիցները, երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել է, որ «Ռոսատոմը» հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:
ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
Ընթացքի մեջ է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։