Մայիսի 1–ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրանական արտադրատեսակներին։
Բացման ելույթներով հանդես են եկել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Համայնքի ղեկավարը ողջունելով և շնորհավորելով ներկա բոլոր մասնակիցներին՝ իր երախտագիտությունն է հայտնել հայ և իրանցի գործարար շփումների աշխուժացմանն ուղղված ցուցահանդեսային համաժողով կազմակերպելու համար։
«Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը»,– իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը:
Նա հավելել է, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, կյանքի կոչել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։
Ցուցահանդեսը գործել է նաև մայիսի 2-ին, որի ընթացքում նախատեսված էր համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։