2.6 մլրդ դրամ կուղղվի մոտ 1000 քննիչի՝ ամսական հավելում վճարելու համար։ Լրացումներ կարվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված:
«2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32,483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41,883 քրեական գործ, 2022-ին՝ 59,830 քրեական վարույթ: Եթե 2020-ին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021-ին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- ասել է նա։
Այվազյանը հավելել է, որ Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի:
Օրենսդրական փոփոխություններն ուղղված են քննիչների աշխատավարձի ու դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով: