2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը հասել է 1 մլն 666 հազարի, որից մոտ 790,000-ը` ՌԴ–ից: Այդ մասին ԱԺ-ում, 2022–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ ավելացել է նաև այն զբոսաշրջիկների թիվը, որոնք ժամանել են այլ երկրներից:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2021 թվականին 2․9 անգամ աճել են զուտ դրամական փոխանցումները, ինչը պայմանավորված է ՌԴ-ից դրամական փոխանցումների մոտ 6․8 անգամ ավելացումով:
«Արդյունքում, եթե մենք տարեսկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետև տարվա ընթացքում բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տոկոս, մենք ունենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմել է 8 տրիլիոն 497 մլրդ դրամ»,- ասել է նախարարը:
Տնտեսական աճի ավելացմանը հիմնականում նպաստել են ծառայությունները, թեև շինարարությունը նույնպես զգալի ազդեցություն է ունեցել:
12-ամսյա գնաճը կազմել է 8․3 տոկոս, միջին գնաճը՝ 8․6 տոկոս: 2023-ի առաջին եռամսյակում այն կազմել է 3․2 տոկոս: