Հունիսի 16-ին ԱԳՆ-ում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանին է ներկայացվելՀայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում հունիսի 15-ի դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է:
«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», – հայտնել են ԱԳՆ-ը:
Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։
Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին հաղորդած ԱԱԾ-ն հայտարարել է, որ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։ Կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):