AM
17 June 2023 - 09:06 AMT

Երևանում կլուծվի նորակառույցների գազամատակարարման հարցը․ Բաշխիչ նոր կայաններ կկառուցվեն

Երևանը կապահովվի գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով, ինչը թույլ կտա լուծել նորակառույցների գազամատակարարման հարցը։ Կառավարությունը հունիսի 16-ի նիստում հավանություն է տվել ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին։

Բաշխիչ նոր կայաններ կկառուցվեն, որոնք 20 տոկոս հավելյալ հզորություն կավելացնեն արդեն հետագա տարիների բաժանորդների համար։ Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մշակվել է 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարի, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։

Աշխատանքները կիրականացվեն, համապատասխանաբար, հետևյալ փուլերով՝ Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևմտյան, Հարավային, Արևելյան հատվածներ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է: Մենք արդեն երկար ժամանակ բախվում ենք իրավիճակների, երբ օրինակ՝ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև էլեկտրական էներգիայի, երբեմն լինում է խմելու ջրի հետ կապված: Ավելին՝ մենք շատ դեպքերում ունենք արդեն իսկ պատրաստի կամ եղած թաղամասերում նոր շենքերի ձևավորման պարագայում, երբ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծանում է, որովհետև այդ խողովակաշարերը նախատեսված չեն նման բնակավայրերի համար: Եվ մենք նկատել ենք, որ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով շատ էական գործոն է: Նաև հաշվի առնելով այն, որ որոշակի հնարավորություններ են առաջացել՝ մենք քննարկել ենք և որոշել ենք, որ այդ հնարավորություններն օգտագործենք այդ ուղղությամբ, որը շատ լուրջ ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության և ներդրումային միջավայրի բարելավման և, ընդհանրապես, քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու, ապահովելու առումով»:

Վարչապետն այս համատեքստում կարևորել է մարզերում նմանատիպ հարցերի վրա ուշադրություն դարձնելու հանգամանքը:

Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևանի ամբողջ տարածքում:

Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևանում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։

Երևանում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևանի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազաֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։