AM
20 June 2023 - 07:49 AMT

Փաշինյան․ Եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ի առավոտյան եմ ստորագրել, Ալիևը չէր ստորագրում՝ նոր պահանջներ առաջ քաշելով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 9–ի առավոտյան։

«Նոյեմբերի 9–ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»,– ընդգծել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է մոտ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում մոտ 60 հեռախոսազրույց։

«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,– հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այս հարցում շրջադարձային էր, իհարկե, Շուշիի անկումը։ Ըստ նրա` այս հարցում էականը ոչ միայն Շուշիի խորհրդանշական դերն էր, այլ ռազմավարական։

«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և որ ամենակարևորն է` մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,– ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու իրենց արդեն հինգերորդ փորձն էր։ Ըստ նրա առաջին նման խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար «ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել»: Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց։