ՀՀ-ում օնլայն հարթակով տաքսիների համար տարեկան 1 մլն դրամի տուրք կսահմանվի։ Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթին՝ կից օրինագծերով, որը կներկայացվեն Ազգային ժողովի դատին։
ՀՀ կառավարությունն առաջարկում է տուրքը սահմանել 2024 թվականի սեպտեմբերից։
Առցանց պատվիրված յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է 2024 թվականին գանձել անկանխիկի դեպքում 1․5 տոկոս, 2025-ին՝ 2․5 տոկոս, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ համապատասխանաբար 2, 3, 5։ Սրանով փորձ է արվում խթանել անկանխիկ վճարումները, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, և այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-19 թվականներին իշխանությունները հնարավորինս ազատականացրել են տաքսիների շուկան զբաղվածության խնդիրները մեղմելու համար, բայց քանի որ էլեկտրոնային հարթակների դերը տաքսիների շուկայում ընդլայնվում է, որոշվել է նման հարթակների միջոցով սահմանել տուրքեր, ոչ թե փորձել վերահսկել յուրաքանչյուր վարորդին:
Փաշինյանի խոսքով` անկանխիկ վճարումները տաքսիների շրջանառությունն ավելի թափանցիկ կդարձնեն։ Բացի այդ նա առաջարկեց, որ տաքսիներում պարտադիր դառնա էլեկտրոնային վճարումների ընդունումը։ Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն, քաղաքացին կարող է չվճարել և գնալ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին նշել է, որ տաքսու վարորդներն անգամ ստիպված չեն էլեկտրոնային վճարումների համար POS-տերմինալ տեղադրել։ Որոշ բանկեր արդեն առաջարկում են էլեկտրոնային POS ծառայություն, որը գործում է NFC ֆունկցիայով` սովորական սմարթֆոնի միջոցով։