Հայաստանում 5 տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի քանակն աճել է մոտ 32%–ով կամ մոտ 173,000-ով։ Աճը դանդաղել է համավարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ, վերականգնվել հետագայում։ Այդ 173 հազարի մեջ են մտնում ոչ միայն նոր բացված աշխատատեղերը, այլև նրանք, որոնք դուրս են բերվել ստվերից (առանձին վիճակագրություն չի հրապարակվում), տեղեկացնում է Sputnik Արմենիան Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա։
Ինչ վերաբերում է վերջին մեկ տարվա դինամիկային, ապա ամենաշատ աշխատատեղերը բացվել են ոչ թե ՏՏ ոլորտում (ինչպես կարելի էր ենթադրել ռուսաստանցիների ներհոսքը հաշվի առնելով), այլ մշակող (այսինքն ոչ հումքային) արդյունաբերության։ Մասամբ արդյունաբերության ակտիվությունը պահպանում է շինարարությունը սպասարկող ցեմենտի, ամրանների արտադրությունը և այլն, մասամբ` մեծ ծավալներով նոր սարքավորումների ձեռքբերումը։
Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը խթանում է պետությունը։ Շինարարական բումին աջակցում է հիփոթեքային վարկերի սուբսիդավորումը, իսկ հաստոցների ձեռքբերմանը` արդյունաբերական վարկերի և լիզինգի սուբսիդավորումը։
Աշխատատեղերի ավելացման հարցում արդյունաբերական ոլորտը գերազանցել է և՛ շինարարական, և՛ հյուրանոցային, և՛ զվարճանքների բիզնեսի (այն դեպքում, երբ այն բավական աշխուժացել է նույն ռուսաստանցիների ներհոսքով) ոլորտներին։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերջին երեք ոլորտներում կադրերի մեծ արտահոսք կա, չգրանցված աշխատակիցների դեպքերն էլ, որպես կանոն, ավելի շատ են։
Գյուղատնտեսության մեջ զգալի ավելացումը պայմանավորված է ագրոարդյունաբերության նոր օբյեկտների ի հայտ գալով (այդ թվում` ջերմոցներ և մեծ ինտենսիվ այգիներ)։
Կոմունալ ծառայությունների բնագավառում աշխատատեղերը կրճատվել են. կոմունալ ծառայությունների օպերատորները կրճատում են հաշվիչների տվյալները հավաքագրող տեսուչներին` իրենց ցուցմունքների հավաքագրումը տեղափոխելով առցանց տիրույթ։