Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանից դեպի Երևան եկող նոր ճանապարհ է կառուցվում՝ շեշտելով դրա ռազմավարական նշանակությունը։
Նորավան-Որոտան-Շամբ ճանապարհի՝ 7․9 կմ հատվածի անցանելիության ապահովման և ոլորանների պարամետրերի բարելավման աշխատանքներ են իրականացվում:
«Այն արդեն ավարտական փուլին է մոտենում։ Այս տարի անպայման կավարտենք, չէ՞։ Դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո Իրանի սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր և որը, սակայն, այս ընթացքում լիարժեք ծառայեց։ Նաև այն բանի շնորհիվ, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի գործարկումը նախապես պլանավորված էր։ Իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, ընթացքում որակի հետ կապված խնդիրներ եղան, բայց հաղթահարեցինք։
Դրանից հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն-Շամբ և Նորավան-Լծեն-Շամբը, ինչը զգալիորեն կրճատում է ճանապարհը Մեղրիից և Կապանից Երևան։ Արդեն կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ, ինչը շատ կարևոր է», – ասել է Փաշինյանը։
2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: