AM
29 June 2023 - 10:00 AMT

Հուլիսի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու հաշմանդամության համար նպաստները։ Կառավարությունն ընդունել է որոշումը, որը չզեկուցվողների թվում էր։

Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը 31,600-ի փոխարեն կկազմի 36,000 դրամ, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1%-ով և կկազմի 49,700 դրամ՝ 46,100 դրամի փոխարեն։ Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Զինվորական միջին կենսաթոշակը 87,590-ից կհասնի 91,600 դրամի։ Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 1750 դրամ՝ 1600 դրամի փոխարեն։

Աշխատանքային կենսաթոշակը 21,000-ի փոխարեն կկազմի 24,000 դրամ։

Նախարարը հայտարարել է, որ նվազագույն կենսաթոշակի բարձրացմամբ իրականացվում է կառավարության տված խոստումը՝ նվազագույն և միջին կենսաթոշակների չափն համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: