AM
22 June 2002 - 14:39 AMT

ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ 1 ՄԼՆ 55 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ ԿԱԶՄՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԱՆԼԵԳԱԼ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայ մաքսավորները կանխել են ընդհանուր առմամբ 1 մլն 55 հազար դրամ կազմող գումարի լազերային սկավառակների եւ պաշտպանական հոլոգրաֆիկ նշանների անլեգալ ներմուծման փորձը Հայաստան: 840 լազերային սկավառակներ, 820 պաշտպանական հոլոգրաֆիկ նշաններ թաքցված էին Մոսկվա-Երեւան երթուղին կատարող ինքնաթիռի տեխնիկական խցում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Մաքսային կոմիտեում, ավտոտեխնիկական բազայի երկու աշխատակիցներ փորձել են մաքսանենգ ապրանքներն անցկացնել սպորտային պայուսակով` շրջանցելով մաքսային զննումը: Թռիչքային դաշտի վերահսկման ժամանակ անլեգալ ապրանքը հայտնաբերվել է եւ բռնագրավվել: Վերջին ժամանակներս ՀՀ Մաքսային կոմիտեին հաջողվել է կանխարգելել առանց ակցիզի ծխախոտի անլեգալ ներմուծման 12 դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում Մաքսային կոմիտեն բռնագրավել է «Marlboro» ծխախոտի 270 բլոկ, որոնք փորձել էր անցկացնել Դուբայ-Երեւան ուղերթը կատարող ինքնաթիռի մի ուղեւոր: Տվյալ գործով հետաքննություն է սկսվել:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: