AM
4 July 2023 - 14:25 AMT

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար:

Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

– 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ

– 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

– 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

– 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ` կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ, և իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար և երկրի տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող կազմակերպություն Ամերիաբանկը շարունակելու է զարգացնել իր «կանաչ» ակտիվների պորտֆելը: Մշտապես կարևորելով «կանաչ» տնտեսության խթանման գործում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկը 2009թ-ից ի վեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար է ներդրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում:

2020թ. Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում թողարկել և տեղաբաշխել «կանաչ» պարտատոմս, իսկ 2022թ. բանկն առաջինը Հայաստանում հանդես է եկել «կանաչ» պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Ամերիաբանկի թողարկած բոլոր «կանաչ» պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դրանց միջոցով ներգրավված միջոցները շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ ուղղվել են բանկի «կանաչ» ակտիվների պորտֆելի ֆինանսավորմանը վերականգնվող էներգետիկայից մինչև թափոնների կառավարում:

Բանկի անունից մրցանակները ստացել է Լոնդոնում Ամերիաբանկի ներկայացուցիչ Արմեն Ասլանյանը: Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»: