AM
27 April 2009 - 14:37 AMT

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն մասնակցում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել մասնակցել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը, որի նպատակով սույն թվականի ապրիլի 9-ին Տեղաբաշխման խմբի ստեղծման պայմանագիր է կնքվել «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ի եւ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջեւ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից նման որոշման կայացման համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ: Հրապարակային առաջարկի իրականացումն առանցքային նշանակություն ունի ԼՂՀ տնտեսության, մասնավորապես` էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաեւ ծրագրի հաջող իրականացումը նոր որակ կհաղորդի ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման գործին:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 30.12.2008թ.-ին, համաձայն որի նախատեսվում է տեղաբաշխել 3,285,715 հատ բաժնետոմսեր` 1 բաժնետոմսի համար 1,050 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով: Ցանկանում ենք փաստել, որ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի վրա երեք հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, «Frank Muller Watchland» աշխարհահռչակ ժամագործական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Սիրմակեսի կողմից: 2007թ. ՀՀ Կենտրոնական բանկը բրոկերական եւ դեպոզիտար գործունեության արտոնագրեր է տրամադրել բանկին: Բանկի գործարար փիլիսոփայությունն ուղղված չէ հաճախորդների զանգվածային սպասարկմանը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է արժեթղթերի թողարկման ու բախշման կազմակերպմանն ուղղված ծառայություններ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միացել է BankMail, CBANet, Bloombe8rg, Reuters ներքին եւ միջազգային վճարային ու տեղեկատվական համակարգերին:

2008 թ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է Factors Chain International (միջազգային ֆակտոր կազմակերպությունների միություն) կազմակերպության անդամ, համագործակցում է հայ-գերմանական հիմնադրամի հետ «Վերականգնվող էներգետիկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում:

2006-2007թթ. բանկը մասնակցել է արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Մասնավորապես «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն համագործակցում է ԿԲ-ի հետ եւ տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ (OMX, FSDP):