AM
11 Հուլիս 2023 - 14:51 AMT

Նախագիծ․ Եկամտահարկի վերադարձի օրենքի կիրառումն աստիճանաբար կկրճատվի

Կառավարությունն աստիճանաբար կկրճատի եկամտահարկի վերադարձի օրենքի կիրառության շրջանակը։ Նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը։

Դրանով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեկային վարկի սպասարման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝

2027-ի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահ­մանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

2029-ի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքի։

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ 2024-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը, տվյալ եռամսյակի որևէ ամսվա համար փաստացի կիրառված հիփոթեկային վարկի տոկոսը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի և երկու տոկոսային կետի հանրագումարը գերազանցելու դեպքում, գերազանցող մասով չի վերադարձվում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ եկամտահարկի վերադարձման համակարգի ներդրումը ժամանակին նպատակ է ունեցել բնակարանների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում բնակարանաշինությունը համարվում է շահութաբեր և մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն վայելող ոլորտ, և այս պարագայում պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունները բնակարանաշինությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտ­երին աջակցության նպատակով օգտագործելը բյուջետային ծախսերի առաջնահերթությունների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմնավորված չէ։

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից:

2022-ից ծրագիրը դադարեցվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, իսկ 2025-ից այն կդադարեցվի ամբողջ Երևանի տարածքում։