Կապսի ջրամբարի շինարարությունն այս տարի սկսվել է։ Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։
«Որպես քննարկման լավ նոտա ուզում եմ ասել, որ երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացված ամենախոշոր ջրամբարի Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է»,– հայտարարել է Տերտերյանը` ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատական դիտարկումների, գրում է Factor.am-ը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության նախագիծը։ Ըստ նախագծի առաջարկվում է Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։ Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարել էր, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում պետք է այնքան ջուր լիներ, որ «հիմա կառավարությունը չգար ու խղճմտանք առաջացնող ելույթներ ունենար լրացուցիչ ջրառի ու կործանվող բերքի մասին։
«Ընդամենը 46 տոկոսով է կատարվել ջրամբարաշինությունը։ Այս կառավարությունն արդեն որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը»,- նշել էր Խաչատրյանը։
Վաչե Տերտերյանն ի պատասխան նշել է, որ մեր ջրամբարները հեղեղային են, այլ ոչ թե հոսքային, և այս տարի նաև եղանակային պայմանների պատճառով ջրամբարներում քիչ ջուր է ամբարվել։