Գործադիրը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Դրա ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար։ Ենթադրվում է, որ դա իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
Կենտրոնական բանկը փողերի լվացման ռիսկերի նպատակային մշտադիտարկում կանցկացնի անշարժ գույքի նվիրատվության ժամանակ ։
Գործող օրենքով արդեն իսկ նախատեսված է, որ պոտենցիալ ռիսկային գործարքների մասին պետք է հաղորդվի ԿԲ-ին։ Այդպիսի գործարքների թվում են անշարժ գույքի առք ու վաճառքը, գույքի և ընկերությունների կառավարումը և մի շարք այլ գործարքներ։ Այդ ցուցակին նախատեսվում է ավելացնել նաև գույքի նվիրատվության վերաբերյալ պայմանագրերը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ Անշարժ գույքի կադաստրի տվյալների, վերջին տարիներին անշարժ գույքի նվիրատվության դեպքերն աճել են։ Եթե 2020-ին Երևանում 4000-ից ավելի այդպիսի գործարք է կատարվել, ապա 2022-ին՝ մոտ 7330։ Մարզերում թվերը 8 670-ից հասել են 15,760-ի։
Ըստ ֆինանսների նախարարության, դա ֆիկտիվ գործարքների ռիսկեր է պարունակում՝ ապօրինի ձեռք բերված գույքը «օրինականացնելու» նպատակով։