AM
27 April 2009 - 17:30 AMT

Պետությունը դիմակայում է երկրում առկա սոցիալական լարվածությանը

Այսօր ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Պայմանագրով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ եւ Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության եւ համերաշխության կայացմանն ու զարգացմանը:

Պայմանագիրը միտված է նաեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաեւ գործատուների եւ արհմիությունների ինստիտուցիոնալ եւ գործառնական կարողությունների զարգացմանը:

Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով նախատեսվում է ձեւավորել հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով մասնակցային սկզբունքով:

Շնորհավորելով պայմանագրի ստորագրման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այս պայմանագիրը երկար սպասված պայմանագիր է եւ իր բովանդակությամբ բխում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների սկզբունքներից, նպատակ ունի ապահովելու համերաշխություն մեր գործողությունների մեջ: Պայմանագրով մենք ստանձնում ենք պարտավորություններ, որ պետք է մշտապես իրականացնենք կոնսուլտացիաներ, պետք է համագործակցենք: Այս խնդիրը խիստ արդիական է դառնում, նամանավանդ, համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների ներքո, երբ ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը դառնում է գործազրկության սպառնալիքը: Տնտեսական անկման պարագայում, բնականաբար, սոցիալական լարվածությունն ավելի է խորանում եւ այս պայմաններում, այս միջավայրում պայմանագիրը դառնում է կարեւոր: Այսօրվա մեր ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ կա եռակողմ ըմբռնում այդ խնդիրների, բարդությունների, որոնք առկա են, այդ թվում` նաեւ ՀՀ-ում, եւ մենք արտահայտում ենք կամք, որ համագործակցելու ենք այս լրջագույն խնդիրների լուծման շուրջ ու մեր քաղաքականությունները լինելու են համաձայնեցված»:

Վարչապետն ընդգծել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներդրումը Կոլեկտիվ պայմանագրի նախապատրաստման գործում:

Փաստաթղթի ստորագրումը կարեւորել են նաեւ Էդուարդ Թումասյանը, Արսեն Ղազարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:

Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչեւ 2012թ. հունիսի 30-ը: