AM
19 July 2023 - 07:34 AMT

FT. 1 տարում մեքենաների արտահանումը ՀՀ-ից ՌԴ աճել է 200 անգամ

Ավտոմեքենաների արտահանումը ՀՀ-ից Ռուսաստան աճել է ավելի քան 200 անգամ՝ մեկ տարում $800,000-ից հասնելով ավելի քան $180 մլն-ի, գրում է Forbes-ը` Financial Times-ին հղումով։

Խոսքը 2022-ի հունվարից 2023-ի հունվար ընկած ժամանակահատվածի մասին է։

Նշվում է, որ Հայաստանում չկա սեփական մեքենաշինություն։

Մաքսակետում աշխատող երիտասարդը, որը չի ցանկացել նշել իր անունը, հիշեցրել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում փակվեցին BMW, Audi և այլ ապրանքանիշերի ավտոմեքենաները։

«Ցանկացած ունեվոր մարդ, որը նախկինում կգնալ ավտոսրահ և կգներ մեքենա, այլևս չի կարող դա անել։ Ուստի դիմում են մեզ կամ այլ մեկին, և նրա համար բերում են մեքենա»,-ասել է նա։

Ըստ գնողների և վաճառողների, ՀՀ-ից Ռուսաստան հասնող մեքենաների մեծ մասը ԱՄՆ-ից բերվում են վրացական Փոթի նավահանգիստ։ Նշվում է, որ այդ մեքենաները գնվում են ամերիկյան աճուրդներում, որտեղ մեքենաները համարվում են դուրս գրված ապահովագրական կազմակերպությունների կողմից։ Հետո Վրաստանում կամ Հայաստանում դրանք վերանորոգում են՝ վերանորոգված ոչ նոր ավտոմեքենաները կարող են ՌԴ-ում ինքնարժեքից շատ ավելի թանկ վաճառվել։ Եվ հետո այդպիսի սխեման թույլ է տալիս վաճառողներին շրջանցել €50,000-ից ավելի գին ունեցող մեքենաներ վաճառելու ԵՄ արգելքը, գրում է FT-ն։

Նշվում է, որ վերանորոգումից հետո մեքենաները ձևակերպվում են ՀՀ-ում, որը մաքսազերծ առևտուր է անում Ռուսաստանի հետ, և Գյումրիից մեքենաներն ուղարկվում են ՌԴ՝ կրկին հատելով Վրաստանի սահմանը։ ԱՄՆ-Վրաստան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան սխեման միակը չէ, շատ այլ սխեմաներ կան։ Այդ մասին պարբերականին է ասել մեքենաների վաճառքով զբաղվող Պավելը։

2022-ի հունվարին ՀՀ-ն ԱՄՆ-ից ներկրել է $2․8 միլիոնի մեքենա։ Մեկ տարի անց այդ գումարը հասել է $29․5 մլն-ի և շարունակում է աճել։ 2023-ի ապրիլին, ըստ թերթի, ՀՀ է ներկրվել $34 մլն է ամերիկյան ավտոմեքենա։

ԱՄՆ-ն արգելել է նոր և օգտագործված ավռտոմեքենաների արտահանումը ՌԴ 2022-ի գարնանը, Եվրամիությունն արգելել է 50,000 եվրոն գերազանցող մեքենաների առաքումը։ Պատժամիջոցների 11-րդ փաթեթվ ԵՄ-ն արգելել է լյուքս դասի, ինչպես նաև էլեկտրամոբիլների, այդ թվում օգտագործված, արտահանումը ՌԴ: