AM
20 July 2023 - 13:39 AMT

Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման համար մոտ 700 մլն դրամ կհատկացվի

Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման համար պահուստային ֆոնդից 693 մլն դրամ կհատկացվի։ Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է ընկերության նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման նախագծի իրականացման պայմանագիրը, համաձայն որի չինական կողմի պարտավորությունը նախնական գնահատմամբ կազմում է 191 մլն ժենմինբի (RMB):

Համաձայն պայմանագրի՝ հայկական կողմը, ի դեմս Հանրային հեռուստաընկերության, այլ պարտավորությունների հետ մեկտեղ, կրում է նաև շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերը:

2023-ին շինարարական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ընդհանուր գումարը նախատեսվում է մոտ 663 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ, իսկ 2024թ.-ի կտրվածքով՝ 189 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ըստ այդմ, 2023 թվականին անհրաժեշտ անվտանգության սարքավորումների ձեռքբերման արժեքը նախատեսվում է մոտ 30 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Այսպիսով՝ 2023 թվականին Ընկերությանը անհրաժեշտ կլինի 693 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ինչը ենթակա չէ ԱԱՀ–ով հարկմանը, քանի որ սույն կապիտալ դրամաշնորհը ծառայությունների մատուցում չի ենթադրում: