Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, խոսելով հայկական «Սեպուհ 1» ընկերությունում կորեական Ssang Yong մեքենաների հավաքման մասին, ասել է, որ ջանքներն ուղղելու են նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը։
Նա պատմել է, որ վերջերս այցելել է Չինաստան, եղել ավտոմեքենաներ արտադրող խոշոր գործարանում` «Բեյջինգավտո» ընկերությունում, և խոսել ՀՀ–ում արտադրություն հիմնելու մասին, գրում է Sputnik Արմենիան։
ՀՀ իշխանություններին չի բավարարում մեր երկրում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը. այն բավականին հին է։
«Վերջին տվյալներով` ավտոմեքենաների միջին տարիքը կազմում է 20 տարուց ավելի։ Կառավարությունը շահագրգռված է, որ այս ավտոպարկը թարմացվի, ու նաև կլիմայի նկատմամբ ավելի բարենպաստ պայմաններ ապահովվեն»,– ընդգծել է Քերոբյանը։
Նա նշել է, որ, որպես էկոնոմիկայի նախարար, ավելի շահագրգիռ է, որ ՀՀ–ն արտադրի ավտոմեքենաներ, ոչ թե ներկրի։
Financial Times-ը գրել է, որ ավտոմեքենաների արտահանումը ՀՀ-ից Ռուսաստան աճել է ավելի քան 200 անգամ՝ մեկ տարում $800,000-ից հասնելով ավելի քան $180 մլն-ի։ Խոսքը 2022-ի հունվարից 2023-ի հունվար ընկած ժամանակահատվածի մասին է։ Նշվում է, որ Հայաստանում չկա սեփական մեքենաշինություն։