AM
20 July 2023 - 14:43 AMT

Քերոբյան․ «Սեպուհ» ընկերությունն արդեն 8 մեքենա է հավաքել՝ Tivoli քրոսովեր և Rexton ամենագնաց

ՀՀ էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հայկական «Սեպուհ 1» ընկերությունն արդեն 8 մեքենա հավաքել է` թեթև մարդատար Tivoli քրոսովեր և Rexton ամենագնաց: Սա դեռ փորձնական խմբաքանակն է։

«Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով մարդատար ավտոմեքենաներ է հավաքում ՀՀ–ում:

Նա նշել է, որ արտադրված մեքենաներն արդեն ունեն պետհամարանիշ և կարող են վաճառվել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երկու տարի է` աշխատում ենք ընկերության հետ։ Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր մեքենաշինությունը բավականին բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավականին երկար ժամանակ, մինչև որ ստացվի ՀՀ–ում արտադրված մեքենաների պետական գրանցումն ապահովենք, քանի որ վին կոդը (ավտոմեքենայի նույնականացման համար) հայկական է»,– նշել է նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ «Սեպուհի» հիմնադիրը պարսկահայ գործարար Ջեյմս Ավետյանն է։ Նա ավտոմեքենաների արտադրության գործարան ունի նաև Իրանում, և ընկերությունը «Սեպուհ» է անվանել իր որդու պատվին:

Ավտոարտադրող գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում։

«Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել։ Յուրաքանչյուր արտադրանք սկսվում է հավաքումից, և հետզհետե տեղի է ունենում լոկալացում»,– վստահեցրեել է Քերոբյանը։

Financial Times-ը գրել է, որ ավտոմեքենաների արտահանումը ՀՀ-ից Ռուսաստան աճել է ավելի քան 200 անգամ՝ մեկ տարում $800,000-ից հասնելով ավելի քան $180 մլն-ի։ Խոսքը 2022-ի հունվարից 2023-ի հունվար ընկած ժամանակահատվածի մասին է։ Նշվում է, որ Հայաստանում չկա սեփական մեքենաշինություն։