AM
22 July 2023 - 08:01 AMT

Փաշինյանը՝ կարմիր գծերի մասին․ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Agence France-Presse-ին տված հարցազրույցում, պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցություններում կարմիր գծերի մասին, հարցին, ասել է, որ դրանք են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը:

«Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում:

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»,-ասել է վարչապետը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։