AM
22 July 2023 - 08:57 AMT

Վարչապետը՝ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության մասին․ Հավատալը չի երաշխավորում, որ արդյունքի կհասնենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Agence France-Presse-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե հավատու՞մ է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, ասել է՝ հավատալ չի նշանակում, որ երաշխավորվում է, որ արդյունքի կհասնենք։

«Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես»,-ասել է նա։

Վարչապետը նաև պատասխանել է այ ն հարցին, թե անձամբ ինքը ի՞նչ կարող է անել նախագահ Ալիևի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորէ Ղարաբաղում բնակվող հայերի արժանապատվությունը, ի՞նչ բանալիներ ունի։

«․․․Ամենակարևոր բանը, որ իմ կարծիքով խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը, հայերի և ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, և, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ և ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը:

Տեսեք, հիմա ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում: Մենք այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք: Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար:

Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ ՀՀ-ում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա»,-ասել է Փաշինյանը:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։