ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, կարևորելով Լաչինի միջանցքով ազատ փոխադրումների վերականգնումը, հայտարարել են, որ հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
ԶԼՄ-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով մեկնաբանություն, որ չնայած միջազգային արդարադատության դատարանի որոշումներին ու միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակոմ է Արցախի տոտալ շրջափակումը՝ 120,000 հայի դատապարտելով սովամահության։ Որքանով է սա նպաստում տարածաշրջանում վստահության, խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն»,- ի պատասխան հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան դեսպանությունից նշել են, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ վեճերի լուծումն ուժի կիրառման միջոցով անընդունելի է։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն էական է երկար տարիների պատմություն ունեցող այս հակամարտության կարգավորման հարցում։
Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ վեճերի լուծումն ուժի կիրառման միջոցով անընդունելի է։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, բարեկեցիկ ապագայի կերտմանը՝ առաջ մղելով խաղաղությունը ցանկացած և բոլոր միջոցներով՝ լինի դա երկկողմ ձևաչափում, ԵՄ-ի հետ փոխգործակցության շրջանակում, թե ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների միջոցով»,- հայտնել են դեսպանատնից։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։