AM
28 July 2023 - 08:36 AMT

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը կոչ է արել ամբողջությամբ վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Twitter-ի իր միկրոբլոգում մեջբերել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունից մի հատված Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին, հայտնում է 1Lurer.am-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու Աղդամ քաղաքով: Այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»,-մեջբերել է դեսպանը Բորելի խոսքերը։

Դեսպանը նշել է նաև․ «ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերականգնել, ներառյալ՝ առողջապահական նկատառումներով տարհանումը և հումանիտար մատակարարումները»:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։