AM
28 July 2023 - 11:17 AMT

Դեսպաններն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը դեռ կանգնած է

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Նրանք Սյունիքում են ՀՀ ԱԳՆ և կառավարության հրավերով։

«Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել, որ որևէ դրական զարգացում չկա։

«Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք ինքը միջազգայնորեն ստանձնել է», – ասել է փոխարտգործնախարարը։

Հարցին, թե եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից անձամբ դիմել Ադրբեջանին՝ այս բեռները Ստեփանակերտ հասցնելու համար՝ Կոստանյանը պատասխանել է, որ նման նախաձեռնություն չի եղել։

«Նման նախաձեռնություն չի եղել։ Սակայն, այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»,-ասել է նա։

Երկրորդ օրն է պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները Երևանում բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։